Իշխանությունները չեն առաջարկել արտահերթ ընտրություններ անցկացնել հենց հիմա. «Իմ քայլը»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի իշխանությունների համար ինքնանպատակ չէ, այլ խնդրի լուծման մեխանիզմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, եթե ընդդիմադիր խորհրդարանական ուժերը քաղաքական խորհրդակցությունների արդյունքում համաձայնեն, որ արտահերթ ընտրությունները խնդրի լուծման մեխանիզմ են, պետք է ստորագրվի հուշագիր, որն արձանագրում է դա:
Եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայն է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին, ապա չպետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին։ «Եթե նրանք առաջադրում են իրենց թեկնածուին, ապա դա անում են՝ սպասելով նրա ընտրությանը, իսկ այդ ընտրությունը բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը», - հայտարարեց պատգամավորը:
Իշխանության կոչերն ընդդիմության հետ համատեղ սկսել այս հարցի քննարկումներն նպատակ ունեն ըդդիմադիր ուժերին ներգրավել ստեղծված խնդրի լուծմանը եւ խուսափել այն մեղադրանքներից, որ իշխանությունները բոլոր հարցերը լուծում են միանձնյա։
Մեկնաբանելով ընդդիմադիր գործընկերների կարծիքը, թե մեծ թվով ռազմագերիների, անհայտ կորածների եւ զոհվածների առկայության պայմաններում, անընդունելի է ընտրություններ անցկացնել, Գրիգորյանը նշել է. «Ոչ ոք չի ասել, որ արտահերթ ընտրությունների անցկացման հարցերի շուրջ քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը նշանակում է, որ ընտրությունները տեղի կունենան հիմա»:
Նա նշել է, որ վարչապետն առաջարկել է խորհրդակցություններ սկսել 2021 թվականի ընթացքում ընտրությունների անցկացման շուրջ: «Հիմա հունվար ամիսն է, ոչ ոք հիմա չի առաջարկում արտահերթ ընտրություններ անցկացնել», – հայտարարել է նա։