24.11.2024
Պահպանվում է փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ-երի գլխավոր շտաբների հետ. ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

Ոչ թե Շուշիում, այլ Ստեփանակերտում. Արցախի ոստիկանությունը՝ գիշերային հրաձգության մասին

Հունվարի 11-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Ստեփանակերտի տարբեր հատվածներում կրակոցներ են հնչել: Այս մասին ասված է Արցախի ոստիկանության տարածած հայտարարության մեջ։


Ըստ աղբյուրի, ոստիկանության Ստեփանակերտի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել երկու քաղաքացու, ովքեր «անտեսելով հասարակության նկատմամբ վերաբերմունքը և բարոյահոգեբանական ու իրավական նորմերը, կրակ են բացել Ստեփանակերտ քաղաքի տարբեր հատվածներում»:


«Դեպքի հանգամանքները պարզվում են», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Նախօրեին հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին Շուշիի շրջակայքում տեղի ունեցած հրաձգության մասին, որը լսելի էր նաև Ստեփանակերտում:


Հաղորդվում էր, որ կրակել են ադրբեջանցիները, եւ դա սադրանք է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները:


Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին:


Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցներն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։


Մինչդեռ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժքւմը» հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստանի և Արցախի շահերի դեմ ցանկացած որոշում կճանաչվի ոչ լեգիտիմ և կմերժվի հայ ժողովրդի կողմից, ինչպես նաև չեղյալ կհայտարարվի իշխանափոխությունից հետո։