23.11.2024
Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է կատարվել Հադրութի Տող գյուղում. ՊՆ պարզաբանումը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ.


"Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։


Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։


Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։


Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ",- ասված է հայտարարության մեջ։


VERELQ-ը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան WarGonzo նախագծի Տելեգրամյան ալիքը տեղեկացրեց, որ Հադրութի շրջանում մարտեր են ընթանում: Ըստ աղբյուրի՝ զինված բախումները մի քանի ժամ են ընթանում, կան վիրավորներ:


Ավելի վաղ ռուս խաղաղապահները դեկտեմբերի 16-ին շրջափակումից դուրս էին բերել մի խումբ հայ զինծառայողների ԼՂՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի հատվածում: Գործողությունն իրականացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ:


Այս ամիս Ադրբեջանի զինված ուժերը հարձակումներ են ձեռնարկել նշված երկու գյուղերի ուղղությամբ, որոնք նոյեմբերի 9-ին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ: ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ գերի են ընկել Խծաբերդ գյուղի մերձակայքում:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ադրբեջանական և հայկական կողմերը պետք է մնան պատերազմի 44 օրերի ընթացքում գրավված դիրքերում, հակամարտության տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ։


Նախատեսված էր ԼՂՀ հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց։ Ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ կողմերը պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհված զինծառայողների մարմինների փոխանակում իրականացնել: