Պատերազմի ընթացքում ստացած զինամթերքը պետք է վերադարձնել մինչև 2021թ․ հունվարի 10-ը. ԱԱԾ
Մինչև 2021թ․ հունվարի 10-ը պատերազմի ընթացքում ստացած զինամթերքը պետք է վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ Ոստիկանությունից, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:
Լրացուցիչ տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047944126 հեռախոսահամարին: