Կապանում մարդիկ իրենց տունն են վառում. պատգամավոր
"Լուսավոև Հայաստան" խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը լուսանկար է հրապարակել Կապանից և մակագրել այն.
"Ծուխը տեսնու՞մ եք բլրի տակ: Կապանում մարդիկ իրենց տունն են վառում: Իսկ այդ բլուրների վրա կնստեն ադրբեջանցիները ու քաղաքը կառնեն իրենց ափի մեջ",- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ Սյունիքի մարզում սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը: Համայնքները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում, քանի որ ՊՆ-ն դուրս է բերել զորքը մի շարք տարածքներից, մասնավորապես՝ Շուռնուխի դիրքերից:
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը երեկ հաստատել էր, որ այսօր մինչեւ ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Ըստ այդմ, Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի եւ հարակից 13 գյուղերի անվտանգությունը, դրանք են՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը եւ Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։