28.11.2024
ԼՂՀ ՊԲ.
prev Նախորդ նորություն

Նալբանդյան. ԼՂ հակամարտության հիմքում ինքնորոշման իրավունքի իրացումն է

Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հելսինկիի համալսարանում: Իր ելույթում նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված վիճակին: Նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը:

Նալբանդյանը հիշեցրել է, որ չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով: Բանակցությունների էությունը եղել է մի կողմից խնդրի քաղաքական կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամրապնդումը:

Ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ:

Նալբանդյանը նշել է, որ Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց:
Ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բազմիցս դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մեր հարևանը էլ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն:

«Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:

Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: Փորձ է կատարվում չեղարկել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի եռակողմ այդ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994թ. զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարություններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին»,-ասել է նա։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին և կրկին ընդգծելով, որ 1994 և 1995թթ. համաձայնագրերը, որոնք, ինչպես և նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը:

Նա հավելել է նաև, որ Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները:

«Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլև անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:
ԼՂ հակամարտության էությունը ղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետև սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների օգտագործմամբ:

Չնայած 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով»,-ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը շեշտել է, որ ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:

Նա նշել է, որ ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր՝ ուղղված բանակցային գործընթացին: Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենպաստ պայմանների հաստատման նպատակով: «Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: