Ադրբեջանի՝ 12 024 քաղաքացու Արցախում բնակեցման լուրն ապատեղեկատվություն է․ Պողոսյան
Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12 024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար․ այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,- գրել է Պողոսյանը:
«Вестник Кавказа» կայքը, հղում անելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին, գրել էր, որ Ադրբեջանի 12 024 քաղաքացի կվերաբնակեցվի Ստեփանակերտում։
Ըստ կայքի՝ գերատեսչության զեկույցից բխում է, որ հայկական զինված ուժերի «օկուպացիայի» արդյունքում 1991 թվականից ի վեր Ստեփանակերտում ծնված և քաղաքը լքած փախստականների թիվը որոշվել է բնակության վայրում գրանցման տվյալների հիման վրա։