Ֆրանսիական Սարսելը Արցախում իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել
Ֆրանսիայի Սարսել քաղաքը, որը քույր քաղաք է Արցախի Մարտակերտ քաղաքի հետ, բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է.
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից:
Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը`
▪️ հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը,
▪️ հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը,
▪️ ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն,
▪️ կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով,
▪️ 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամին` հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: