24.11.2024
Պաշտպանության նախարարը Սյունիքում ծանոթանում է մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին
prev Նախորդ նորություն

Արցախցիներին վերապատրաստել, աշխատանքի տեղավորել և ֆինանսավորել. կառավարության որոշումները

Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում հաստատվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տեղհանված և ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը:


Գործազուրկ անձը, ինչպես նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ` 3 ամիս տեւողությամբ։


«Միջոցառման շրջանակում գործազուրկ անձին վճարվում է ամսական 100 000 դրամի չափով աշխատավարձ», - ասել է նախարարն ու հավելել, որ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է 34 000 դրամի չափով գումար:


Մեկ այլ հաստատված միջոցառմամբ էլ կառավարությունն աջակցություն կտրամադրի նաեւ տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիներին՝ նրանց ժամանակավոր զբաղվածության ապահովվելու նպատակով:


«Այս ծրագիրն իրականացվում է համայնքների հետ, ներգրավվում են հիմնականում գյուղաբնակ համայնքների բնակիչները, որոնք վարձատրվում են մեկ աշխատանքային օրվա համար 8000 դրամի չափով: Շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տեւողությունը 3 ամիս է»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը:


Կառավարության նիստում հաստատվեց նաև ռազմական գործողությունների հետևանքով Արցախի տարածքում բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիներ հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստաննում կամ Արցախում գտնվող չափահաս քաղաքացիների: Լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության հետևանքով հյուրընկալող քաղաքացիներն ունեն ֆինանսական խնդիրներ, որի նպատակով անհրաժեշտ է վերջիններիս տրամադրել համապատասխան սոցիալական աջակցություն:


Այդ նպատակով առաջարկվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն:


Ընդ որում` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ»: