24.11.2024
Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խումբ է մեկնել Ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Ճշտվում են գերիների տվյալները եւ նրանց հետագա փոխանակման քայլերը. Տիգրան Ավինյան

Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության հերթական նիստին խոսեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որոնք կապված են, նախ, գերիների տվյալների ճշտման, երկրորդ՝ նրանց փոխանակման հետագա քայլերի հետ։ «Այս հարցի շուրջ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ռուսական կողմի մասնակցությամբ, բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ», - ասել է նա:


Փոխվարչապետը նաեւ տեղեկացրեց, որ ճշտվում են Խծաբերդ գյուղի շրջանում գերեվարված անձանց տվյալները եւ առաջիկայում «իրավիճակի լուծում է սպասվում»՝ հիշեցնելով, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Արցախում է` քննարկելու մի շարք հարցեր:


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան չպարզված հանգամանքներում խզվել է կապը Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի հետ:


Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում 73 զինծառայողի մասին տեղեկություններ չկան:


Իրավիճակը պարզելու և արագ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Արցախ է մեկնել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:


Ընդհանուր առմամբ, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դեկտեմբերի 14-ին Բաքու քաղաքում "բոլորը բոլորի դիմաց" սկզբունքով գերիների փոխանակում է իրականացվել: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 գերիներ։