26.11.2024
ԱԳՆ. հայկական կողմերը դեմ չեն ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակին
prev Նախորդ նորություն

Թուրքիայում աշխատանքից հեռացրել են 400 լրագրողների

Թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցներ գործազուրկ են դարձել։ Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել է Zaman թերթի նախկին թղթակիցը։

Լրագրողի խոսքով՝ նրան ու նրա գործընկերներին հեռացրել են մի հոդվածով, որը չի նախատեսում փոխհատուցում։

«Անկարայում Zaman թերթի գրասենյակն այսօր փակ է, բոլոր աշխատակիցները հեռացվել են: Ընդհանուր, Zaman-ի և Cihan-ի խմբագրություններից հեռացվել է 400 մարդ` ներառյալ արտասահմանցի հատուկ թղթակիցները: Ընդ որում՝ ինձ և գործընկերներիս հեռացրել են մի հոդվածով, որը չի նախատեսում ոչ մի փոխհատուցում։ Դա ձևակերպվել է որպես «ծառայողական դիրքի չարաշահում» և «կազմակերպության իմիջին վնաս հասցնել»»,- նշել է լրագրողը, նշում է tert.am-ը:

Cihan-ի աշխատակիցը հաստատել է, որ իրենց խմբագրության լրագրողների մեծամասնությունը նույնպես ուրբաթ հեռացվել է։

«Անկարայում գործակալության գրասենյակում 25 լրագրողներից հեռացվել են 17-ը: Եթե այն ամբողջությամբ չփակվի, ապա, առնվազն, կշարունակի գործել կառավարական ԶԼՄ-ների աշխատակիցներով։ Նրանցից ոմանք արդեն մեր փոխարեն աշխատելու հրավեր են ստացել»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլում դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր Cumhuriyet թերթի սյունակագիր Հիքմեթ Չեթինքայային և Ջեյդա Քարանին, ովքեր իրենց հոդվածները պատկերազարդել են ֆրանսիական Charlie Hebdo թերթից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով։ Նույն թերթի լրագրողներ Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլն անցյալ տարվա մայիսին «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին, որոնք զենք էին մատակարարում իսլամիստներին։

Դրանից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսվել նրանց նկատմամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ջումհուրիյեթին» և Դյունդարին դավաճանության համար էր մեղադրել։