Հայաստանում ստեղծված իրավիճակի լուծումը, ըստ նախագահ Արմեն Սարգսյանի, կազմված է հինգ պարզագույն կետերից: Առաջին քայլով կառավարությունը պետք է ճանաչի, որ ճգնաժամ է և հրաժարական տա:
«Առաջինը՝ ճանաչել, որ ունես ճգնաժամ, և, հետևաբար, կառավարությունը պետք է հրաժարական տա: Ճիշտն ասած, այս քայլի մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում», - հայտարարել է Արմեն Սարգսյանը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նրա խոսքով, իր առաջարկությունն ուժի մեջ է, որովհետև սա սովորական խորհրդարանական ժողովրդավարության մաս է կազմում: «Եթե դու ունես ճգնաժամ, եթե պատերազմ ես պարտվել՝ տնտեսական թե ռազմական, պետք է նորից սկսես: Հակառակ դեպքում պարտությունը դառնում է սովորական, այսինքն, դու շարունակում ես ապրել պարտվածի հոգեբանության տրամաբանությամբ: Շատ հաճախ մարդիկ եթե պարտություն են ունենում, փորձում են այդ էջը փակել և նորից սկսել: Իմ առաջարկը տրամաբանական է, սովորական պետական ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ է, բացարձակապես անձնավորված չէ: Խոսքը մեր երկրի և այն ճգնաժամային իրավիճակի մասին է, որ ունենք», - ասել է նա Սիվիլնեթի հետ զրույցում:
Նախագահը նշում է, որ լուծումը կազմված է հինգ պարզագույն կետերից: «Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կլինի, որ կարձագանքի նախագահի առաջարկությանը և կսկսի ձեռնարկել այն, ինչ առաջարկել էի, այսինքն՝ հրաժարական, ժամանակավոր կամ ազգային համաձայնության կառավարություն, որը դժվար է ձևավորել, որովհետև այդ դեպքում ոչ միայն կառավարությունը կամ իշխող ուժը պետք է համաձայնության գա, այլ նաև ընդդիմությունը: Բայց տվյալ դեպքում ընդդիմությունը մի տեղ է, կառավարությունը՝ մեկ այլ:
Այսօր մենք ունենք հասարակություն, որի մի մեծ մասը լուռ է, ձայնը չի բարձրացնում, չունենք 2-3 հարյուր հազարանոց ցույցեր: Ճգնաժամ ունենալու համար պետք չէ 2-3 հարյուր հազար մարդ փողոց դուրս գա, ուղղակի պետք է տեսնես, որ կա ճգնաժամ: Հետևաբար, առաջին քայլը կառավարության հրաժարականն է, և հետո ստեղծել կառավարություն: Այն կարող եք անվանել ժամանակավոր կամ կառավարություն, որը սահմանափակված է ժամանակի մեջ», - նշել է նա:
Նախագահը պատասխանել է նաև հարցադրումներին, թե կառավարության հրաժարականը պահանջելով, ինչու է ստորագրում նոր նախարարների նշանակումը:
«Ես ոչ թե առանձին նախարարների հրաժարականի կոչ եմ անում, այլ կոչ եմ անում կառավարության հրաժարականի, որպեսզի նոր սկիզբ ունենանք: Այս պետությունը, ինչքան ճգնաժամային լինի, այսօր կարիք ունի պաշտպանության նախարարի: Լավն է, վատն է նախարարը, ես չեմ որոշում, որոշում է վարչապետը, և իր ընտրությունն է, բայց այս երկիրը պաշտպանության նախարարի կարիք ունի, և այդ նախարարությունը պետք է շատ ակտիվ աշխատի: Աշխատի նաև սահմանագծման կարևոր պահին», - ընդգծել է Արմեն Սարգսյանը: