Երևանը Ղարաբաղի հարցով բանացություների վերսկսման համար երեք պայման է դրել
Նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսման համար իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին նշել է անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանը եղել ու մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Ըստ նրա, խնդիրը պետք է լուծվի այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել հարցի ամբողջական լուծման:
«Մենք խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակից ենք, բայց որպեսզի վերսկսենք բանակցություններն, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, հասցեական գնահատականներ, երաշխիքներ միջազգային հանրության կողմից: Մեր նպատակը նախ և առաջ ոչ թե Արցախի միակողմանի ճանաչումն է, այլ միջազգային ճանաչումը: Ուշ թե շուտ դա լինելու է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դեյուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ։
Այլ ճանապարհ չկա, անկախ նրանից՝ կուզի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ: Պայքարն Արցախի ժողովուրդը սկսել է անկախության համար և հայ ժողովուրդը սատարելու է նրանց արդար պայքարին՝ ապրելու միջազգայնորեն ճանաչված անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,-ասաց նա:
ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ ապրիլյան պատերազմը նաև փորձություն էր, բայց հասարակությունը պետք է հպարտ լինի, քանի որ հաջողել է: «Իհարկե, զոհերի գնով, բայց Ադրբեջանի նպատակն էր կայծակնային պատերազմի գնով մի քանի շրջան հետ վերցնել ու մաքսիմում առաջ շարժվել և զիջումների պատրաստել հայկական կողմին: Ադրբեջանը ձախողեց, ինչը նշանակում է, որ մերոնք հաջողեցին»,-ասաց նա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:
Այնուամենայնիվ այժմ ինավիճակը շփման գծում մնում է լարված, իսկ կրակի դադարեցման մասին բանավոր պայամանավորվածությունը խախտվում է ամենօրյա ռեվիմով, որն ուղեկցվում է հակմարտող կողմերի կենդանի ուժի կորուստներով: