Դրամը քաղաքական անորոշություններին պատասխանում է կտրուկ արժեզրկմամբ. փորձագետ
Դրամը կրկին արժեզրկվում է դոլարի նկատմամբ: Համաձայն rate.am-ի, շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքն հասնում է 522 դրամի:
Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հրապարակված փոխարժեքների, այսօր` դեկտեմբերի 9-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 515.48 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 1.35 դրամով։
Վերջին մեկ մասում դրամը հետևողականորեն արժզրկվում է: Նոյեմբերի 24-ին արժեզրկումը հասավ իր պիկին, երբ դոլարը գնվում էր 506-510 դրամով, վաճառվում՝ 518-521 դրամով:
Այդ միտումը կասեցվեց, երբ նույն օրը ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը «ՀՀ արտարժութային շուկայում իրականացրեց գործառնություններ»: Այլ կերպ ասաց, ֆինանսական ինտենվենցիա:
Այժմ կրկին դոլարի փոխարժեքը բարձրանում է: Այն արդեն 522 է: «Ֆունդամենտալ պատճառ, թե ինչու պետք է փոխարժեքը բարձրանա` չկա», - նշում է ֆինանսների նախկին նախարար, «Արդշինբանկի» ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Ֆեյսբուքյան իր էջում նա նշում է, որ արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում պետական պարտատոմսերի թերտեղաբաշխում: «Կրկին` ֆունդամենտալ պատճառ չկա», - նկատում է նախկին նախարարը:
Նա փոխարժեքի շուկայում ստեղծված իրավիճակը բացատրում են քաղաքական անորոշություններով: «Քաղաքական անորոշություններն իրենց խոսքն ասում են, իրենց գործն անում են», - եզրափակում է նա: