«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրել է, թե ինչու է կառավարող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով Ազգային ժողովի հրատապ քննարկումն անցկացնել դռնփակ ռեժիմով:
Մարուքյանի խոսքով, իշխող խմբակցությունում մտահոգված են, որ «մենք եւ ԲՀԿ-ն ելույթներ կունենանք ռազմագերիների հարցով եւ կասենք՝ չեք կարողանում այդ խնդիրը լուծել»: Այդ մասին դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ԱԺ-ում ռազմագերիների հարցով քննարկումը, որը նախաձեռնել էին ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն:
«Այդպես ասվել է ԱԺ խորհրդի նիստում, ես էլ ասում եմ՝ այդ նույն ելույթները հայտարարությունների ժամին կարող ենք ունենալ, իմաստը ո՞րն է ԱԺ կանոնակարգ օրենքի ընթացակարգը, 1/5-րդ ստորագրություն եմ հավաքել, մարդիկ նիստը տապալում են: Իմաստազրկվեց ամբողջությամբ», - ասաց Մարուքյանը՝ մեջբերելով իշխող խմբակցությանը հիմնական փաստարկը:
«Մեզ ասում են՝ կվտանգենք մեր գերիներին, մինչդեռ ամբողջ աշխարհի կառույցներին ենք ուղարկում այս տեսանյութերը», - մեջբերեց նա՝ հարց հնչեցնելով առ այն, թե ո՞նց կարելի է դրա վերաբերյալ քննարկումն անել փակ ռեժիմով՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
«Սա է իրավիճակը: Հայտարարության նախագիծը բաց դրված է, ամբողջ իմաստը քննարկումն է: Էդտեղ ոչ մի պետական գաղտնիք չկա: Պետք է ասեն՝ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի հետ, Ռուսաստանի հետ, դրա ի՞նչն է գաղտնի: Իրենք ուղղակի չեն ուզում, որ իրենց կողմից տապալված հարցով լինի բաց քննարկում, էդքան բան»,-հայտարարեց քաղաքական գործիչը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Իմ քայլը» որոշել էր ի սկզբանե տապալել նիստը՝ չներկայանալով ԱԺ: «Բայց երբ հասկացան, որ կարող են որոշում անել ու փակ անել նիստը, գնացին այդ ճանապարհով: Ձայները կեղծեցին ու կեղծիքով ապահովեցին փակ նիստի քննարկումը»,- հայտրարեց նա: