Ադրբեջանի «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի խոսնակի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Սույն թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացվել՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ազգային և ռասայական թշնամանք հարուցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդված), ուղղակի և հրապարակային ցեղասպանություն հրահրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործություններն արդարացնելու և դրանց հավանություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 373.1-րդ հոդված) համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրյալ Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: