Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը բնակչության 10 տոկոսի հաշվարկով կորոնավիրուսի պատվաստանյութ պատվիրելու նպատակով կանխավճար է կատարել միջազգային հավաքական գնումների պլատֆորմին, որից օգտվում են աշխարհի 180 երկիրներ:
«Պլատֆորմում հավաքվում են բոլոր արտադրողների պատվաստանյութերը, որոնք ապագայում գրանցում ստանալու շանսեր ունեն: Այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է մինչև 10 պատվաստանյութ: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու», - ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ կատարվել է պատվաստանյութի նախնական պատվեր՝ 300 հազար բնակչի հաշվարկով:
«Մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա: Պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում ենք աշխարհին համընթաց: Խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է», - նշեց նախարարը՝ նկատելով, որ փորձնական պատվաստանյութեր կան և կիրառվում են Եվրոպայում և ՌԴ-ում: «Մենք նրանց հետ էլ բնակցություններ են վարում, սակայն այդ բոլոր պրոդուկտները կան իմ նշած միջազգային հավաքական գնումների պլատֆորմում: Եթե օրինակ, ռուսական կամ ամերիկյան պատվաստանյւթը վերջանական հաստատում ստանա ԱՀԿ-ի և այդ պլատֆորմի կոմղից, մենք կարող ենք ընտրել դրանք», - ասաց նա:
Նախարարը նաև ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:
Թորոսյանը նշեց, որ նոյեմբերի 25-ից չունեն քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում հոսպիտալացվել: «Հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեռևս չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթևացնելու ուղղությամբ:
Նշենք, որ օրեր առաջ Երևանում Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։
Ամիսներ առաջ նախարար Թորոսյանը հայտնել էր, որ պատվաստանյութ ձեռք բերելու հարցում սկսել բանակցություններ թե՛ ուղիղ արտադրողների և թե՛ հավաքական գնորդների հետ, ինչպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ), որոնք կարող են միանգամից գնել մեծ մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել։
Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 բուժառու: