24.11.2024
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 2142 մարդ է առողջացել
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հասկացրեց, որ չի պատրաստվում հեռանալ վարչապետի պաշտոնից

Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ և այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակներում։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը նշել է, որ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի, ինչպե նաև հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը:


«Այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը։ Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։ Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, արտաքին ու ներքին անվտանգության ու կայունության ապահովումը և նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է։


«Բոլոր ջանքերը պետք է կենտրոնացված լինեն այս խնդրի լուծման վրա», - ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն 2 միջոցառում է ընդունել՝ բավական մասշտաբային։


«Այդ միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը՝ Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ»,- նշել է վարչապետը:


Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը նաև անդրադարձել է գործադիր մարմնում տեղի ունեցած փոփոխություններին։ «Այսօր տեղի է ունենում նորացված կազմով կառավարության առաջին նիստը», - նշել է նա։


«Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն։ Առաջիկայում մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն»,- ասել է վարչապետը։


Կառավարության ղեկավարը պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար և նորանշանակ նախարարներին մաղթեց հաջողություն: