ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն առաջարկել է հավաքական մոտեցումներ մշակել ՀԱՊԿ-ում կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է համակողմանիորեն վերլուծել համաճարակի հետեւանքները, հավաքական մոտեցումներ մշակել ՀԱՊԿ-ի շրջանակներում կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ», - ասել է Պատրուշևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած նիստում:
«Սուր մարտահրավերներից մեկը COVID-19-ի շարունակվող համաճարակն է։ Կորոնավիրուսի արագ տարածումը փոխել է կյանքի սովորական դասավորությունը գրեթե ամբողջ աշխարհում, գլոբալ քաղաքական եւ տնտեսական համակարգը ենթարկվում է ամրության ստուգման», - արձանագրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ընդ որում, նա վստահ է, որ ՀԱՊԿ պետությունները «արժանապատվորեն անցնում են այդ դժվարին շրջանը»։
Պատրուշեւի կարծիքով՝ «համաճարակի հետեւանքների հաղթահարման համար կարեւոր է փոխանակել արդիական տեղեկատվություն, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել միմյանց, այդ թվում՝ թեստերի, դեղամիջոցների, անհատական պաշտպանության միջոցների մատակարարման, պատվաստանյութերի մշակման եւ փորձարկման, ինչպես նաեւ մեր պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու միջոցով»:
ԱԽ քարտուղարը հայտնել է, որ ներկա նիստին «ներկայացվել են ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության արդիական հարցեր», որոնց վերաբերյալ նախատեսվում են չեզոքացման միջոցառումներ:
«Նիստի արդյունքներով ավելի քան տասը փաստաթուղթ կառաջարկենք մեր պետությունների ղեկավարների քննարկմանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի ընթացքում, այդ թվում՝ երկու միջնաժամկետ փաստաթուղթ՝ 2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրամիջոցային ռազմավարությունը, 2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման պլանը», - նշել է Պատրուշեւը:
Նա նաեւ կարեւոր է համարում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ահաբեկչական եւ դրա հետ կապված ծայրահեղական գաղափարախոսության տարածման նպատակով համագործակցության ամրապնդման եւ ջանքերի համակարգման վերաբերյալ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարության ընդունման հարցը: