ԱԳՆ հայտարարությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պղծման վերաբերյալ
Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Այդ մասին ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
"Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ:
Այս առումով հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը:
Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի ի սպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման։
Խստագույնս դատարպատելով մարդկության քաղաքակրթական ժառանգությանն ուղղված այս բարբարոսությունը՝ միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ շարունակելու ենք գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով", - ասված է հայտարարության մեջ: