23.11.2024
Դատարանն ազատ արձակեց Արթուր Վանեցյանին
prev Նախորդ նորություն

Տղերք՝ դուք ճիշտ եք, սպասում եմ ձեզ Երեւանում. Փաշինյանը՝ իրեն աջակցող զինծառայողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Երևանում առաջնագծից երկրի ղեկավարին աջակցող տեսանյութերով հանրության դիմող զինծառայողներին՝ նկատելով, որ իրենք ճիշտ են:


«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։


Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։


Հպարտ եմ ձեզանով», - ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։



Նշենք, այս օրերին, երբ Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում Փաշինյանի հրաժարականի պահանջով, համացանցում ակտիվորեն շրջանառվում են առաջնագծից զինվորների կամ կամավորների՝ վարչապետին աջակցող տեսանյութերը:


Նրանց ուղղված Փաշինյանի կոչը շատերն ընկալեցին, որպես քաղաքացիական պատերազմի հրահրում, որի համար սուր քննադատության են ենթարկում վարչապետին:


Վարչապետն այս գրառումը կատարեց այն բանից հետո, երբ դատարանը նոյեմբերի 15-ին ազատ արձակեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որին մեղադրանք է առաջադրվել «ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու», «իշխանության յուրացման նախապատրաստում», «պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածներով արարքներ կատարելու համար, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:


Փաշինյանի գրառման մեջ ասվում է «պատերի տակ վնգստացողների հարցերը» վերջնականորեն լուծելու մասին: Ամիսներ առաջ իր հարցազրույցներում նա հենց այդպես էր անվանել դատավորներին: