Իրանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի վերաբերյալ լուրերը
Իրանի փոխարտգործնախարարը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի մասին լուրերը։
«Ցավոք, սոցիալական ցանցում տարածվում է կեղծ քարտեզների հետ մոլորեցնող տեղեկատվություն, եւ առաջ են քաշվել այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են Հայաստանի ներսում կամ նույնիսկ Իրանի ներսում միջանցքի ստեղծումը, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունը եւ այլն… Դա սկզբունքորեն անիրատեսական է եւ արվում է կոնկրետ քաղաքական եւ քարոզչական նպատակներով», – ասել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արակչին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում։
«Ինչպես երեւում է այդ քարտեզի վրա, Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի երկայնքով աշխարհագրական շերտի ստեղծման լայնորեն քննարկվող հարցը միանգամայն անհիմն է», – նշել է նա:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրում ասվում է ավտոմոբիլային միջանցքի կամ ավելի շուտ Հայաստանի ներսում տարանցիկ երթուղու ստեղծման մասին՝ Նախիջեւանից մինչեւ մայրցամաքային Ադրբեջանի հատվածը, որի անվտանգությունը երաշխավորելու է Ռուսաստանը, իսկ ճշգրիտ երթուղին մինչեւ հիմա հայտնի չէ», – ընդգծել է նա: