Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: Այս մասին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց Տոնոյանը՝ վիրավորական որակելով հայտարարությունն առ այն, թե շատերը ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության տակ ստորագրելը համարեցին որպես դավաճանություն:
«Զինված ուժերը՝ պաշպանության նախարարությունը իր ամբողջ զինվորական և քաղաքացիական համակարգով, զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել է առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողության հասնել», - ասել է նա՝ հավելելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ «մենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով եղել ենք տոտալ շրջափակման մեջ»:
«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական և սպառազինության տեխնիկայի ապահովման, ռազմական գործողությունների տեսանկյունից կարելի է հերոսամարտ անվանել, արվել է անհնարինը: Զինված ուժերը՝ սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի, Ադրբեջանի զինված ուժերին՝ գերսպառազինված: Եվ եթե ինձ կարող են հարցնել՝ ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են:
Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության տեսանկյունից և հրամանատարական կազմի, փորձագետների, հրահանգիչների, կառավարիչների, մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների առումով: Դա բավականին մեծ ուժ է եղել, որին դիմակայել է մեր բանակը, մեր պաշտպանական բանակը և պատվով է դուրս եղել», - ասել է նա:
Հարցին՝ կարող է վստահեցնել, որ արվել է առավելագույնը, Տոնոյանը պատասխանել է. «Վստահեցնում եմ, որ արվել է առավելագույնը: Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որոնք Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի աջակցությամբ, որոշ պարագաներում անհնարին է դարձրել մեր արձագանքը: Թուրքիայի ներկայությունը բացահայտ է եղել: Սպառազինությունը, որը տրամադրվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ հուլիս-օգոստոս ամիսներին, օգտագործվել է մեր դեմ սեպտեմբերի 27-ից սկսած»:
Անդրադառնալով պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուն՝ Տոնոյանն ընդգծեց, որ զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել այս որոշումը: