Պուտինը պատմել Է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերի մասին
Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի եւ մարդկանց կյանքերի պահպանման համար։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
"Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ մեզանից կախված է, որպեսզի Հարավային Կովկասի հակամարտությունն ավարտվի հնարավորինս արագ, որպեսզի պահպանվի մարդկանց կյանքը, որոնք կանգնած են միմյանց դիմաց եւ, ցավոք, մինչ օրս միմյանց տեսնում են ինքնաձիգների, հրացանների նշանակռության մեջ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում", - ասել է Պուտինը կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ հույս ունի, որ շուտով կհաջողվի հասնել այն արդյունքներին, որոնք կբավարարեին բոլորին:
"Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել այն արդյունքին, որի մասին ինքներդ էլ ասել եք, ընդ որում՝ այնպիսի հիմքի վրա, որը կբավարարեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով", - հավելել է նախագահը: