24.11.2024
Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանն առաջ է անցել Իտալիայից և Հունաստանից
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը կոշտ հակադարձել է ՀՀԿ խորհրդի նիստում հնչած հարցերին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀԿ խորհրդի նիստում հնչել են նաեւ հարցեր, որոնք բավականին կոշտ հակադարձման են արժանացել Սերժ Սարգսյանի կողմից։ Մեկի հարցին, թե իսկ ինչ կլիներ, եթե մենք չկարողանայինք համարժեք հակահարված տալ ադրբեջանցիներին եւ կասեցնել գրոհը, Սերժ Սարգսյանը հունից դուրս է եկել. «Ի՞նչ պետք է լիներ, պարզ չի՞. թուրքը հիմա Ստեփանակերտում նստած կլիներ»: Հաջորդ նման հարցը եղել է. մամուլում տեսակետ կա, որ առաջին գծում ծառայում են բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, զոհվում են նրանց որդիները: «Էդ թեման ով բարձրացրել է, հաստատ, իրենք եւ իրենց երեխաներն էլ այնտեղ չեն…»,- արձագանքել է Ս. Սարգսյանը: Ո՞ւմ նկատի ուներ, հարցրինք մեր զրուցակցին: «Կդժվարանամ ասել, չի բացառվում` Օսկանյան եւ նրա շրջապատ»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին եռամսյակի նախնական արդյունքներով 5,5 տոկոս տնտեսական աճ են արձանագրել: Իհարկե, այդ տվյալն հենց այդպես իբրեւ տնտեսական աճ չի ներկայացվում: Ինչպես հայտնի է՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներից սկսած «տնտեսական աճ» տերմինը պաշտոնապես վերացվեց եւ փոխարենը ներդրվեց «տնտեսական ակտիվության ցուցանիշ», որի հաշվարկման մեթոդները միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի: Արդյունքում, Հայաստանի տնտեսությունն ուզում է փլվի էլ, միեւնույն է՝ պաշտոնյաները կարողանում են «աճ» գրել: Պարզապես, աճում-աճում են, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվում, մարդիկ շարունակում են աղքատանալ: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ առեւտրաշրջանառությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մոտ 5 միլիարդ դրամով: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչությունը վերջին մեկ տարում առնվազն 5 միլիարդ դրամի չափով աղքատացել է»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Թալինի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել է սոցապահովության տարածքային ծառայության պետ, անկուսակցական Վորոշ Խաչատրյանը։ Այս ընտրությունները դարձել էին նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի համար կենաց-մահու խնդիր, նա ՀՀԿ վերնախավին հորդորում էր միջոցներ ձեռնարկել «անհնազանդներին»՝ ՀՀԿ թեկնածուի համար չաշխատողներին պատժել։ Ընտրություններից 1 շաբաթ առաջ 3 նախարարների ուղեկցությամբ Թալինի ՀՀԿ շտաբ էր այցելել Հովիկ Աբրահամյանը։ Այդ օրն էլ հրահանգվել է Վորոշ Խաչատրյանին զգուշացնել՝ կամ ակտիվ աշխատում ես գործող քաղաքապետի համար, կամ դիմում ես գրում, հեռանում։ Խաչատրյանը, լինելով մարզում հարգված ու հեղինակություն վայելող անձ և չցանկանալով կամակատար դառնալ, դիմում է գրել։ Հիշեցնենք՝ նա առաջադրվել էր Թալինի քաղաքապետի նախորդ ընտրություններում»:

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներն իրենց «հանրային հաշվետվության» մեջ հանգամանորեն, կետ առ կետ շարադրել են՝ ինչ էին ուզում, եւ ինչ ստացվեց իշխանության հետ երկխոսության ընթացքում։ Մասնավորապես հիասթափությամբ են արձանագրում, որ միասնական փաստաթղթով քվեարկության հարցը չի լուծվել՝ «համարվել է ներկայումս անիրատեսական՝ ելնելով տեխնիկական սահմանափակումներից եւ այդպիսով շարունակելի դարձնելով մտահոգությունները տարբեր փաստաթղթերի միջոցով բազմակի քվեարկություն կազմակերպելու հնարավորության վերաբերյալ»։ Ստորագրված ցուցակների հրապարակման հետ կապված՝ «առաջընթաց» չի արձանագրվել. իշխանությունը մնացել է իր կարծիքին՝ որ դա հակասում է օրինակելի ընտրությունների եվրոպական չափանիշներին, եւ պնդել քվեարկությունից հետո ցուցակներին ծանոթանալու եւ դրանցից քաղվածքներ անելու տարբերակը։ Ինչ վերաբերում է ընտրողների ռեգիստրը «պետական կառույցների, ոչ իշխանական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության համատեղ ուժերով՝ տնետուն այցելությունների միջոցով «մաքրելու» եւ Հայաստանից բացակայող անձանց բացահայտելու» պահանջին, իշխանությունն այս դեպքում էլ մասամբ ընդառաջ է գնացել ընդդիմախոսներին՝ առաջարկելով սեփական ուժերով լուծել այդ խնդիրը։ Հարց է ծագում՝ եթե այդքան շահագրգիռ են ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու հարցում, ի՞նչն է խանգարում այսօրվանից ձեռնամուխ լինել ընտրողների ցուցակների «սանմաքրման» աշխատանքներին։ Արդյոք դա չէ՞ ընտրական ինստիտուտի բարեփոխմանն ուղղված ջանքերը շարունակելու լավագույն ճանապարհը, որի մասին խոսում են ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը իրենց հայտարարարության մեջ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրն ու այդ ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախագծի օրակարգից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանություն կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում»: