Քննարկվում է արցախցիներին ընդունած հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը
Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Պետական բյուջեի հաշվին մարզպետարանները գնումներ են սկսել՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան:
Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:
Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ։ Նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ ևս կքննարկվեն առաջիկայում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված անհատ կամավորների, ՀԿ-ների և գործարարների դերը, և խրախուսում է շարունակել իրենց գործունեությունը՝ առավել համակարգված կերպով համագործակցելով համայնքների և պետական կառույցների հետ, որպեսզի Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները հասցեական և արդյունավետ բավարարվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիք կա։