ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. Երևանում կարող է աշխարհազորի նոր ղեկավար նշանակվել
Երևանի քաղաքապետի՝ հաստիքով նախատեսված տեղակալի թիվը կավելանա ևս մեկով, նա պետք է լինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը (հրամանատար), փոփոխությունը կքննարկվի խորհրդարանի արտահերթ նիստում նոյեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին:
Վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է ներկայացրել կառավարություն, որով փոփոխություններ են արվելու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:
Համաձայն փոփոխության՝ քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար (հրամանատար) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավար (հրամանատար):
Նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «Համայնքի ղեկավարի տեղակալ» հոդվածը:
«Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում է բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի տեղակալի և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ»,- նշվում է նախագծի փոփոխության մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների՝ կամավորական ջոկատներ հավաքագրելու ու Արցախում մարտերին մասնակցելու հորդորով։