Կա՞ն գրոհայիններ ԼՂ հակամարտության գոտում. ԱՄՆ դեսպանատունը խուսանավում է
VERELQ-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը՝ արդյոք ունեն տեղեկություններ այն մասին, որ Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և այլ երկրներից Ադրբեջան են տեղափոխվում գրոհայիններ, որոնք այնուհետ հայտնվում են ղարաբաղյան հակամարտության գոտում:
ԱՄՆ դեսպանությունից ստացված պատասխանը, որը, ըստ էության, հստակ պատասխան հստակ դրված հարցին չի պարունակում, ներկայացնում ենք ստորև.
"Մենք ծանոթ ենք այդ հաղորդումներին և այս կապակցությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ ընդգծված է, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ինչպես ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է հոկտեմբերի 5-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ, մենք դատապարտում ենք բռնության աննախադեպ ու վտանգավոր սրացումն ու կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ զինադադար հաստատել և վերադառնալ բովանդակային բանակցություններին՝ առանց որևե նախապայմանի"։
VERELQ-ը հիշեցնում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա վարձկան գրոհայինների տեղափոխման մասին խոսել են մի շարք երկրներ՝ ՌԴ-ն՝ ի դեմս ԱԳՆ և արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, Ֆրանսիան ՝ ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի: Նարիշկինը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար: Այսինքն, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսի մասին է: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփեոն ընդամենը հույս էր հայտնել, որ "Ղարաբաղ սիրիացի գրոհայինների տեղափոխվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում":