Նալբանդյան. Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պարզաբանել է, թե ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների սեղանին ինչ փաստաթուղթ կա:
Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ աշխատանքային փաստաթուղթ են համարվում նրանք, որոնք կողմերի դիտարկման առարկա են եղել: Այն փաստաթղթերը, որոնց շուրջ առաջընթաց գրանցել չի հաջողվել, ուղարկվում են Վիեննայում ԵԱՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ պահպանության: "Դուք գիտե՞ք՝ որ փաստաթուղթը Վիեննայում ի պահ դեռ չի տրված՝ Կազանի փաստաթուղթը: Ուրեմն, համապատասխանաբար, մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Բազմիցս հնչեցին իմ տարբեր գործընկերների կողմից բացատրություններ այս կապակցությամբ", - ասել է նա:
Նալբանդյանը նաեւ նշել է, որ տարբեր գաղափարներ կան, բայց կարիք չկա հեծանիվ հորինել, կարեւորը, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ գաղափարը, ասել է նա, կարմիր թելի նման անցնում է բոլոր փաստաթղթերում: Հարցին՝ այսինքն՝ այստեղից հետքայլ որևէ պարագայում հայկական կողմը չի կարող անել, Նալբանդյանը պատասխանել է. "Դուք կարծում եք՝ մենք կարո՞ղ ենք անել: Եթե հասարակությունը, ժողովուրդը չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել":
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար շարունակել բանակցությունները, երբ կողմերից մեկը փորձում է դրանք ֆարսի վերածել, նախարարը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Ո՛չ պատերազմը, ո՛չ պատերազմական գործողությունները չեն կարող լուծել խնդիրը: Պատմությունը վկայում է, որ պատերազմից հետո կողմերը, երբեմն վատթարացնելով դիրքերը, վերադառնում են բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ՝ ոչ ոքի նոր պատերազմ պետք չէ: Հարկավոր է փորձել բանակցությունների միջոցով կարգավորման ուղի գտնել»,- նշել է նախարարը:շ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: