Երևանը հստակեցնելու է Մոսկվայից առաքվելիք զենքի ծավալները, ժամկետներն ու գները
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում է ընդգրկված «ՀՀ կառավարության և Ռուսաստանի միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ» որոշման նախագիծը: Այս նախագիծը վերաբերում է Ռուսաստանից Հայաստանին 200 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա մատակարարելուն:
Որոշման նախագծում ՀՀ կառավարությունը պաշտպանության նախարարին հանձնարարել է հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել ու ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետներն ու գները, հայնտում է
armtimes.com-ը:
Հիշեցնենք, որ վարկային այս պայմանագիրն Ազգային ժողովը վավերացրել է դեռևս անցած տարվա հուլիսի 2-ին՝ արտահերթ նստաշրջանում: ՌԴ-ն իրականում Հայաստանին ոչ թե պետք է 200 մլն դոլար վարկ տրամադրեր, այլ պետք է մատակարարեր 200 մլն դոլարի ռուսական արտադրության զինտեխնիկա: Մինչդեռ ԱԺ-ի կողմից վարկային համաձայնագրի վավերացումից անցել է մոտ 10 ամիս, սակայն ՌԴ-ն դեռ ամբողջությամբ չի կատարել իր պայմանագրային այդ պարտավորությունը և Հայաստան չի առաքել խոստացած զենքի ողջ ծավալը:
Այդ մասին հայ հանրությունն իմացավ ընդամենն անցած շաբաթ ՌԴ վարչապետ
Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ երախտագիտությունն է հայտնել պետական այդ վարկի տրամադրման համար, այնուհետև շեշտել, թե պայմանագրի դրույթների կատարման մեջ որոշակի դանդաղեցում կա: Աբրահամյանը Մեդվեդևին խնդրել էր այդ առնչությամբ համապատասխան կարգադրություն անել ռուսական Рособоронэкспорт-ին: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորները սկսեցին բաց տեքստով նշել, որ ՌԴ-ից զենքի առաքումները դանդաղում են:
Նշենք նաև, որ 200 մլն դոլարի վարկը տրամադրվել է տասը տարի ժամանակով և կարծիք կա, որ զենքի առք ու վաճառքը ձեւակերպվելու է ռուսական ռուբլով: Իսկ ռուսական կողմը փետրվարի 18-ին հրապարակել էր, թե այդ վարկի դիմաց Հայաստանը կգնի «Սմերչ» համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, «Կոնկուրս»-մ հակատանկային հրթիռային համակարգի 9Մ113Մ հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ինժեներային ու կապի սարքավորումներ: