Վրացական կողմը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնում ցանկացած ձևով նպաստել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալել Թբիլիսիում: Այս մասին նշված է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որը լրագրողներին է ներկայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին:
Վրաստանի ԱԱԽ-ն հերթական նիստն է անցկացրել, նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական բախմանը:
«Նիստին քննարկվել է հակամարտությունով պայմանավորված բարդ իրավիճակը, որի հետևանքով, ցավոք, եղան մարդկային զոհեր. իրավիճակի ապակայունացումը կտրուկ բացասաբար կազդի տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին ձեռնարկել բոլոր միջոցները բռնությունը դադարեցնելու և երկխոսությունը վերսկսելու համար: Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Մեր խնդիրն է պահպանել և առավել ամրապնդել այս հարաբերությունները: Վրաստանում մշտապես հպարտացել են վրացիների հետ միասին այլ ազգությունների, այդ թվում՝ ադրբեջանցիների և հայերի խաղաղ համակեցությամբ, որը մեր ընդհանուր ձեռքբերումն է և պետք է զգուշորեն վերաբերվենք դրան:
Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված ճգնաժամային իրավիճակում առանձին ապակառուցողական տարրերը՝ դրսում թե ներսում, ստվերեն մեր բարեկամությունը և պատմական փորձը:
Այս ամենը հաշվի առնելով, վրացական կողմը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնում, ցանկացած ձևով նպաստելու իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, հակամարտության կողմերին երկխոսելու հարթակ տրամադրել Թբիլիսիում:
Վրացական կողմը բազում տարիների ընթացքում հետևողականորեն կատարել է և կատարում է իր միջազգային պարտականությունները, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ գործառույթը կարևոր գործոն է երկու երկրների տնտեսական գործունեության և զարգացման համար: Ինչը, բնական է, նաև Վրաստանի շահերից է բխում: Այսօր ևս Վրաստանով տարանցիկ ռեժիմում քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների և անվտանգ, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ: Փոխադրումների ինտենսիվությունը բարձր է և նշված ցուցանիշը չի փոխվել ռազմական հակամարտության մեկնարկից հետո:
Հատկանշական է, որ հակամարտության սրացման պահից Վրաստանի կողմից քաղաքացիական օդային բեռնափոխադրումների նպատակների համար որևէ սահմանափակումներ չեն եղել և ոչ էլ կլինեն: Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, լարված իրավիճակի մեկնարկից հետո, ժամանակավորապես սառեցրել է իր տարածքով՝ օդային և ցամաքային ուղիներով ռազմական փոխադրումների թույլտվությունը երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը եղել են տեղեկացված: Ցանկացած այլ միջազգային տարանցիկ փոխանցումների մասով վրացական կողմը կատարում է միջազգային պարտականությունները: Մեր ընդհանուր շահն է արագ կարգավորել ռազմական բախումը և հաստատել տարածաշրջանում խաղաղություն»,- նշված է խորհրդի հայտարարության մեջ: