Կանադան սկսել է հետաքննել Ղարաբաղում կանադական սպառազինության հնարավոր օգտագործումը
Կանադայի իշխանությունները սկսել են ղարաբաղյան հակամարտության մեջ կանադական ռազմական սարքավորումների հնարավոր օգտագործման հետաքննությունը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրյուդոն հայտարարել է, որ երկրի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը պարզում է, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Նա ընդգծել է, որ կանադական օրենքներն արգելում են զենքի մատակարարումը այն երկրներին, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, եւ Օտտավայի համար կարեւոր է, որ դա պահպանվի:
Սեպտեմբերի վերջին Կանադական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ադրբեջանը կարող էր Ղարաբաղում կիրառել թուրքական դրոններ, որոնցում օգտագործվում են կանադական սենսորները։ Կանադայի ԱԳՆ խոսնակ Միշել Սիմփայեն CTVNews պարբերականին հայտնել է, որ հետաքննությունն արդեն սկսվել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանը Իսրայելից հետ էր կանչել իր դեսպանին, քանի որ երկիրը զենք է վաճառում Ադրբեջանին։ Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա անընդունելի են համարում, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման պայմաններում: