Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Մերձավոր Արևելքից վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) 2020թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության հունով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով։