ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ Արցախից եկածներին տներ տրամադրելու մասին լուրեր հրապարակելուց
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ սոցիալական ցանցերում ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին իրենց տներում ընդունելու մասին հրապարակումներից: Այդ մասին ասված է ԱԱԾ-ի մամուլի ծառյության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին:
Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումներն, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ:
Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն»: