Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նա լուրջ մտահոգություն է հայտնում ս.թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նկատում է, որ խախտվել է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր սպառազինություն, այդ թվում ՝ հրետանի, տանկեր և ավիացիա, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։
«Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորությունների կատարմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - հայտնում է Զասը։
Նրա խոսքով, Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին հասնել հակամարտության իրավիճակների կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը թույլ չտալու նպատակով: