Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Մեդվեդև
Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով: Կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Այս մասին "ВКонтакте"-ում գրառում է կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում նոր սրացումը հերթական անգամ հանգեցրել է արյունահեղության, մարդկային զոհերի:
«Այս խնդիրը ուժային ճանապարհով չի կարելի լուծել: Կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Ես մեկ անգամ չէ, որ համոզվել եմ դրանում, այդ թվում և այն ժամանակ, երբ ՌԴ անունից հանդես էի գալիս երկու երկրների հետ շփումներում որպես միջնորդ: Այժմ բոլոր կողմերին հարկավոր է հանդարտվել: Նախևառաջ չբորբոքել կրքերը, հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից, համատեղ ուժերով դադարեցնել հակամարտության ռազմական բաղադրիչը: Այլապես տարածաշրջանի համար աղետալի հետևանքներն անխուսափելի են:
Այսօր անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները ճգնաժամի հաղթահարման համար լուծումներ գտնելու հարցում: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը: Եվ երկկողն ձևաչափը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու գործընկերներն են»,- նշել է Մեդվեդևը:
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Երեւանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրում՝ շուրջ 200 զոհված զինվորական, 4 ուղղաթիռ, 33 միավոր զրահատեխնիկա եւ 27 անօդաչու թռչող սարք:
Հայտնի է նաեւ հայ զինվորականների կողմից 11 միավոր զրահատեխնիկա գրավելու մասին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերջին տվյալներով, մարտական գործողությունների սկզբից զոհվել է 31 զինծառայող եւ երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան հարյուր մարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք: Ադրբեջանը նաեւ հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն եւ մասնակի զորահավաքի մասին: