Զախարովն անդրադարձել է Արցախի վերաբերյալ Լավրովի հայտարարության Բաքվի մեկնաբանությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է ուշադրություն դարձնել Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշմանը, այլ ոչ թե "տարբեր մեկնաբանություններին, որոնք արվում են ոչ ռուսական կողմից":
Այս մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի խորհրդարանի կայքում։
"Ինչ վերաբերում է ՌԴ նախարարի մեջբերումների կոռեկտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել, եւ սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնցից բխում էր այդ տեղեկատվությունը։ Դրա համար էլ, ճիշտն ասած, դրա վրա կանգ չեմ առնի", - ընդգծել է նա։
Ընդ որում, նա նշել է, որ այսօր Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները, "որոնք ենթադրում են, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծում, ինչպես նաեւ դրա շուրջ տարածքների ազատագրում":
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի հետ։ Ավելի ուշ ադրբեջանական խորհրդարանի կայքում տեղեկություն էր հայտնվել, որ հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին:
Միեւնույն ժամանակ Մոսկվան հանդես է գալիս "հինգ գրավյալ շրջանների վերադարձի, տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման եւ տրանսպորտային-հաղորդակցական համակարգի վերականգնման օգտին":