Ադրբեջանի խորհրդարանի կայքը հեռացրել է Լավրովի խոսքերի մասին իր մեկնաբանությունը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի մամուլի ծառայության կողմից արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի ոչ ճիշտ մեկնաբանման վերաբերյալ հայտարարությունից հետո Բաքվում փոփոխություններ են կատարել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Մոսկվայում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպման մասին հաղորդագրությունների նախնական տեքստերում, հաղորդում է EADaily-ն:
Ավելի վաղ ադրբեջանական խորհրդարանի կայքում հրապարակված տեքստում նշվում էր, որ Սերգեյ Լավրովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին արտահայտությունները "խոչընդոտ" է անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: "Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձմանը, խաղաղապահների տեղակայմանը (Լեռնային Ղարաբաղի շուրջ - խմբ.) եւ տրանսպորտային-հաղորդակցական համակարգի վերականգնմանը", - մեջբերել է Միլի մեջլիսի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրանից հետո մեկնաբանել է իրավիճակը՝ խորհուրդ տալով "կողմնորոշվել բացառապես Մոսկվայի դիրքորոշմամբ, այլ ոչ թե այլ մեկնաբանություններով": "Ինչ վերաբերում է ռուս նախարարի մեջբերումների կոռեկտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել եւ սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնցից ելնում էր այդ տեղեկատվությունը։ Դրա համար էլ, ճիշտն ասած, կանգ չեմ առնի դրա վրա", - ասել է Զախարովան չորեքշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Այնուհետև ադրբեջանական խորհրդարանի կայքում հաղորդագրության տեքստը խմբագրվել է։ Լավրովի խոսքերն էական փոփոխություններ են կրել։ Փաշինյանի հիշատակումը, "հինգ գրավյալ շրջանների վերադարձի" եւ "խաղաղապահների տեղակայման" մասին նշումն ընդհանրապես վերացել են։ "Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը եւ ջանք չի խնայում այդ ոլորտում։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը", - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության վերջին վարկածի մեջ։
Բացի այդ, այդ մեջբերումից առաջ հայտնվել են Սաֆիր Գաֆարովայի կողմից վերագրվող երկու լրացուցիչ առաջարկներ, որոնք նախկին խմբագրությունում չեն եղել. "Ադրբեջանի ժողովուրդը երբեք թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծումը"։