24.11.2024
Երկրաշարժ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք
prev Նախորդ նորություն

Բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «Նորք» ինֆեկցիոնի անձնակազմ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը բաց նամակով դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ կենտրոնի բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր։ Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.


«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրական աշխատանքն ու ներդրումը: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ Նորք ԻԿՀ-ի՝ ներկայիս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Առաջնամարտիկի դերը կրել և շարունակում ենք կրել պատվով, ավելին՝ շարունակելու ենք:


2019թ. դեկտեմբեր՝ COVID-19 առաջին դեպքերը Չինաստանում:


2020թ. հունվար՝ Հայաստանի Հանրապետություն, «Նորք» ԻԿՀ ` Չինաստանից ՀՀ վարակի ներթափանցման կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառւմները ՀՎԿԱԿ-ի հետ միասին:


2020թ. փետրվար` եղել է 1-ին հիվանդանոցը, որտեղ վերապրոֆիլավորվել են 2 բաժանմունք COVID-19 կասկածելի հիվանդների համար:


Մարտի 1` «Նորք» ԻԿՀ-ում արձանագրվել է առաջին COVID-19 բերովի դեպքը:


2020թ. մարտ՝ «Նորք» ԻԿՀ-ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի:


Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմական իրավիճակ ու այդ իրավիճակին համապատասխան աշխատանք հիվանդանոցի տնօրենից մինչև մայրապետ: «Նորք» ԻԿՀ -ն միայնակ պայքարը շարունակել է մինչև մարտի 26, երբ սկսեցին ներգրավվել նաև այլ կենտրոններ: Բացի այդ, ներգրավումից հետո էլ շարունակել է լինել տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցը: Արել է տրիաժ COVID-19-ի ամենօրյա մեծ թվով հայտնաբերումների ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս)՝ ունենալով սահմանափակ մահճակալային ֆոնդ, փորձելով ոչ մի ծանր կամ պոտենցիալ ծանրացող հիվանդի դուրս չթողնել:


«Նորք» ԻԿՀ-ն ունի COVID-19 PCR իրականացնող լաբորատորիա, որն իր ծանրաբեռնվածությամբ երկրորդն է ՀՀ-ում:


Վերջին ամիսներին «Նորք» ԻԿՀ-ում կատարվում է ակադեմիական ոլորտից մի շարք գիտնականների ներգրավմամբ լայնածավալ հետազոտություն COVID-19 վերաբերյալ: Ծրագիրը ուշագրավ է դարձել միջազգային բժշկագիտական կառույցների համար:


Եվ այս ամենը COVID-19 համավարակի դեմ պայքարում «Նորք» ԻԿՀ-ի և իր գլխավոր հրամանատար Մ.Վ. Դավիդյանցի ծավալած գործունեության միայն մի մասն է: Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր: Ինչպես մեր երկրի նախագահի, վարչապետի և կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին: Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ»:


Հատկանշական է, որ պետական պարգևների արժանացած բժիշկների ցանկը նախագահին և վարչապետին ներկեյացրել է Առողջապահության նախարարությունը: Կառույցից հայտնել են, որ ցանկը ներկայացրել են «առաջնորդվելով կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրման աստճանից»: