24.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա»
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը բողոքել է ԵԱՏՄ որոշ գործընկերներից. Մոսկվան փնտրում է լուծումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը: Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին Ղազախստանն առաջարկել էր տեղափոխել ԵԱՏՄ երկրների վարչապետների Երևանում ապրիլի 8-ին նախատեսված նիստը Մոսկվա, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ նման քայլի համար "որևէ լուրջ պատճառ չի տեսնում":

Այնուհետև հարցը քննարկվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Սարգսյնի հարցադրամնն ի պատասխան Մեդվեդևը նշել էր. "...ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի: Ես, անպայման, կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Ինչ-որ տեղ, երևի թե, նրանց պահելաձևը և որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու:

Հիմա ամենակարևորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ: Այդ պատճառով այսօր, երբ մենք քննարկում էինք ինտեգրացիոն համագործակցության ապագան, պայմանավորվեցինք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում, կփորձենք անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում, ինչպես և պատրաստվում էինք, որովհետև, անկեղծ ասած, մենք քիչ և հազվադեպ ենք հանդիպում":