Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի 193 նոր դեպք է հայտնաբերվել
Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի 193 նոր դեպք է հայտնաբերվել։ Տեղեկատվությունը թարմացվել է կառավարական stopcov.ge կայքում:
Փետրվարից մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 695 դեպք։ Մեկ օրում ապաքինվել է 40 հիվանդ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1 534 հիվանդ, հաղորդում է newsgeorgia.ge-ն:
Կորոնավիրուսից երկրում մահացել է եւս մեկ՝ 20-րդ հիվանդը։ Ինչպես լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայանը, մահացել է 60 տարեկան մի կին, որին վերջերս բուժման էին տեղափոխել Աբխազիայի տարածքից:
Նրա խոսքով, մեկ օրում հայտնաբերված դեպքերից 92-ը կապված են Աջարիայի, 53-ը՝ Իմերեթիայի, 31-ը՝ Թբիլիսիի հետ։
Ներկայում կարանտինում գտնվում է 4988 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 836 մարդ:
Նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին, Վրաստանում կորոնավիրուսի 196 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է 13 վարակակիր: