Ցանկացած առաջարկություն չի կարող լիարժեքորեն կյանքի կոչվել, քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին։ Այս մասին, այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հայտնում է
armtimes-ը։
Նա նշեց, որ նախկինում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանը նրանց կողմից գործադրվող ջանքերի համար։ «Գտնում ենք, որ հարաբերական խաղաղությունը մինչեւ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ապահովվում էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շնորհիվ։ Զուգահեռ այդ երախտագիտությանը, ես ներկայացնում էի իմ եւ մեր դժգոհությունները նրանց կողմից իրականցվող առաքելության հետ կապված։ Այս դժգոհությունները հիմնականում կապված են այն փաստի հետ, որ բոլոր հանդիպումների ժամանակ ես բարձրաձայնում էի, որ խանգարված ձեւաչափի պայմաններում անհնարին է հասնել ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման»,- ասաց Արցախի նախագահը։
Նրա խոսքով, ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն մինչեւ չիրականացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական մասնակցությամբ, այդ առաջարկությունները չեն կարող լիարժեքորեն եւ վերջնականապես կյանքի կոչվել. «1994թ. Բուդապեշտյան գագաթաժողովի որոշման համաձայն՝ Արցախի հանրապետությունը հանդիսանում է այս հակամարտության կողմ եւ այդ որոշումը մինչ այսօր իրավական առումով ուժը չի կորցրել։ Կարծում եմ, որ այս վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար, որ վերանայեն իրենց դիրքորոշումը, եւ Արցախին վերականգնեն որպես լիիրավ բանակցային կողմ։ Եթե մենք չվերանայենք մեր մոտեցումը ընդհանրապես բանակցային գործընթացի նկատմամբ, ունենալու ենք միշտ թերի լուծում»,- նշեց
Բակո Սահակյանը։
Հարցին, արդյոք Հայաստանն ամբողջապես չի՞ ներկայացնում Արցախի շահերը այդ բանակցություններում, ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Հայաստանը ունի ռազմավարական փաստաթուղթ՝ մշակված եւ ընդունված Ազգային ժողովի կողմից, որտեղ հստակ ներկայացված է, որ Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքն է։ Եւ երբ մենք ներկայացնում ենք մեր պահանջը բանակցային գործընթացի հետ կապված, դա կապված չէ մեր անվստահության հետ Հայաստանի նկատմամբ բանկցային գործընթացքում մեր շահերը ներկայացնելու: Մենք հանդես ենք գալիս տրամաբանության պահանջերից։ Չկա մի հակամարտություն, որտեղ լուծումները գտնվում են առանց այդ հակամարտության հիմնական դերակատրի: Հաշվի առնելով, որ սկզբնական փուլում չի եղել հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եղել է հակամարտություն Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որտեղ Ադրբեջանին հաջողվել է արհեստականորեն ներքաշել այս հակամարտությանը Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց ԼՂՀ նախագահը։
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի ԵԱՀԿ Միսկի խմբի հետ հանդիպումից, Բակո Սահակյանը պատասխանեց. «Այսօր դուք ականատես եք, որ նրանք իրականացնում են ակտիվ միջոցառումներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակը դադարեցնելու մասին։ Մենք ունենք մի շարք այս իրավիճակի հետ կապված տեսակետներ, ինչու չէ նաեւ պահանջներ, բնականաբար այդ ամենը կներկայացվի Մինսկի խմբին: Հաշվի առնելով, որ նրանք հանդիպում են ունեցել Ադրբեջանի ղեկավարների հետ, Ադրբեջանի նախագահի հետ, բնականաբար մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է նրանց տպավորությունը եւ ինչ հարցրեր են քննարկվել Ադրբեջանի ղեկավարության հետ»: