Carrefour-ը Հայաստանում. շուկայի մոնոպոլացման նոր վտա՞նգ
Երևանում ֆրանսիական «Քարֆուր» («Carrefour») մանրածախ առևտրային ցանցի առաջին հիպերմարկետը կբացվի մարտ ամսին: Այս մասին հունվարի 4-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Շարպանտիեն նշեց նաև, որ ֆրանսիական հիպերմարկետի գործունեության վրա չի կարող ազդել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, և որպես հետևանք, երրորդ երկրներից Հայաստան մուտք գործող ապրանքների վրա մաքսատուրքերի շեշտակի աճը, քանի որ «Քարֆուրը» առաջին հերթին աշխատում է տեղական արտադրողների հետ:
«Քարֆուր»-ն աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին։ Ընկերությունն աշխարհի 32 երկրներում ունի մոտ 15 հազար հիպերմարկետներ, սուպերմարկետներ և փոքր խանութներ: 2012թ. Carrefour-ն այս տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ Թբիլիսիում:
«Լսել եմ բացվելու է»
«Քարֆուր» ցանցի մուտքը հայկական շուկա լոբբինգ էր անում մասնավորապես Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նրա՝ թվիթերում կատարած գրառման մեջ հստակ ասվում էր, որ դեսպանը, ով տվյալ դեպքում ներկայացնում է ԱՄՆ-ն, կողմ է առևտրային ցանցի մուտքին Հայաստան: Նա հույս էր հայտնել, որ Հայաստանում «Քարֆուր» հիպերմարկետ կբացվի: «Լսել եմ, «Քարֆուրը» ցանկանում է բացվել Երևանում: Ես գնումներ էի կատարում Բրյուսելում այդ ցանցից: Լավ մրցակցություն կլինի այստեղ: Հուսով եմ, այն կբացվի»,-գրել էր դեսպանը:
«Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա բավականին հետաձգվեց պլանավորած ժամկետից: Ի սկզբանե այն պլանավորվում էր բացել Երևանում դեռ 2013 թվականին «Դալմա-մոլ» առևտրային համալիրի առաջին հարկում: Սակայն մամուլի տեղ գտած հրապարակումների համաձայն, «Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել էր «Քարֆուրի» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը և «դա հիմնականում արել է Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում»:
Ըստ մամուլում տեղ գըած հարապարակումների, որոնք չեն հերքվել և չեն հաստատվել, «Քարֆուրը» Հայաստանում աշխատելու է հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» ցանցերի բազայի վրա: Նրանց միջեւ ամիսներ տեւած բանակցությունները ավարտվել են, եւ կողմերը եկել են համաձայնության: Ըստ այդ համաձայնությունների, ներկայում Երեւանում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետների տարածքը շուտով կանցնի ֆրանսիական «Քարֆուրին»:
Կլինեն նաև բացասական երևույթներ
««Քարֆուրի» մուտքը հայկական շուկա, առանց չափազանցնելու, արմատական փոփոխություններ է բերելու: Ընդ որում, փոփոխությունները կլինեն եւ՛ դրական, եւ՛ բացասական», - նշում է «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ հավելելով, որ կլինեն նաեւ բացասական երեւույթներ: «Դա իհարկե, պայմանավորված է նրանով, որ մի, ըստ էության, մենաշնորհին` «Երեւան Սիթիներին», փոխարինելու է մյուսը` «Քարֆուրը»: Իսկ որտեղ կա մենաշնորհ, կան մեծ ռիսկեր: Օրինակ՝ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է «Քարֆուրը» որոշելու իր ապրանքների գները: Գնագոյացման հարցում կա երկու հիմնական մոտեցում», - նշում է նա:
«Հաջորդ խնդիրը, որ կծագի «Քարֆուրի» գալուց հետո, վերաբերում է ներկրողներին: Այսօր տասնյակ ընկերություններ ներկրումներ են իրականացնում Հայաստան՝ սկսած սննդամթերքից, վերջացրած կենցաղային քիմիայով: Այդ ապրանքների ներկրման մեծագույն մասը «Քարֆուրը» կիրականացնի ինքնուրույն, եւ նշված ընկերություններից շատերը կարող են դուրս մնալ խաղից, եթե, իհարկե, շատ արագ եւ արմատականորեն չբարեփոխեն իրենց գործունեության սկզբունքները եւ չհարմարեցնեն դրանք հենց «Քարֆուրի» պահանջներին: Իսկ դա բավականին բարդ գործ է եւ հսկայական ջանքեր, ֆինանսական միջոցներ ու ինտելեկտուալ ռեսուրսներ է պահանջելու:
Բայց ամենամեծ խնդիրը, որ կծագի «Քարֆուրի» մուտքով, դա ներքին արտադրողների հետ փոխհարաբերություններն են: Հայաստանում քիչ ապրանքներ են արտադրվում, որոնց որակը, գինը եւ արտադրության ծավալները կարող են բավարարել «Քարֆուրի» պահանջներին: Իսկ այդ պահանջներին բավարարելու համար մեր արտադրողներից աննկարագրելի ջանքեր են պահանջվում: Այսինքն՝ «Քարֆուրի» մուտքը մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն առեւտրի, այլ նաեւ արտադրության վրա», - կարծում է Գևորգյանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա ընթացքում Երեւանի խանութներից իրականացվել է 925 մլրդ դրամի (2.2 մլրդ դոլարի) առեւտուր: Դրա 63 տոկոսը կամ 635 միլիարդը (1.5 մլրդ դոլար) իրականացվել է խոշոր խանութներում: Ըստ որոշ հաշվարկների, «Քարֆուրը» իր մեկ հիպերմարկետով եւ 12 սուպերմարկետով «կվերցնի» խոշոր խանութներից իրականացված առեւտրի ծավալի մոտ 80 տոկոսը կամ 1.2-1.3 մլրդ դոլարը: