Արցախում 4-օրյա պատերազմական գործողությունների հետեւանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 121 զինծառայող, որից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, 1-ը պայմանագրային, 1-ը՝ աշխարհազորային, հայտնում է armtimes-ը:
Այսօր ՀՀ ՊՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Եվս 10 զինծառայողի վիճակն այս պահին գնահատվում է ծանր: Մյուսները, ըստ Խաչատրյանի՝ թեթեւ բեկորային վնասվածքներ են ստացել եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կապաքինվեն, կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրերը:
«Բոլորն այս պահի դրությամբ խնդրում են, որ դուրս գրենք, վերադառնան իրենց տեղակայման վայրերը, որ իրենց ընկերների մոտ լինեն: Անընդհատ նեղանում են բուժծառայողներից, որ իրենց ընկերներին մենակ են թողել, պարտավոր են վերադառնալ: Ուղղակի քանի որ առաջնագծում իրավիճակը կայուն է, եւ մեր զորքերն այս պահին ունեցած հնարավորություններով լիարժեք իրենց խնդիրը լիարժեք կատարում են, մենք գտանք, որ անհրաժեշտություն չկա վիակապով զինվորին առաջնագիծ ուղարկելու, եւ հակառակորդին հնարավորություն տալու ուրախանալ, որ մենք այլ հնարավորոթյուն չունենք, վիրավոր զինվորին ենք ուղարկում: Ոչ, մինչեւ վերջին թելը կքանդենք, նոր մեր զինվորին կուղարկենք»,- հայտարարեց ՊՆ բուժվարչության պետը:
Շարունակելով ներկայացնել իրավիճակը՝ գնդապետ Խաչատրյանն ասաց, որ երեկվա դրությամբ եղած ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկն այսօր անցել է կայուն ծանր վիճակի, սակայն հյուսիսարեւելյան հատվածից քիչ առաջ եւս մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողի են տեղափոխել Երեւանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Վերջինի տվյալները դեռ ճշտվում են: Զինծառայողն ունի բազմաբեկորային վնասվածք կրծքավանդակի եւ որովայնի շրջանում:
Ընդհանուր առմամբ Երեւանի կլինիկական հոսպիտալում 32 վիրավոր կա:
Երեկ պատերազմի դաշտում բժիշկների հերթական գործողության ժամանակ, երբ փորձել են զոհերի դիերը հանել առաջնագծից, "թշնամին ստորաբար կրակել եւ ոչնչացրել է շտապօգնության մեքենաներից մեկը, որի վրա կարմիր խաչ կա", ասաց Կամավոր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Ժնեւի միջազգային կոնվենցիայով արգելվում է կրակել կարմիր խաչ կրող մեքենայի վրա:
Տեղի ունեցածի հետեւանքով որեւէ բուժաշխատող չի տուժել: Ընդհանուր առմամբ, ըստ Խաչատրյանի՝ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում բժիշկների շրջանում զոհ չի եղել, եղել են փոքր բեկորային վիրավորում ստացածներ, որոնց վերքերը վիրակապվել են եւ նրանք վերադարձել են մարտական խնդիր կատարելու:
Հիշեցնեն, որ այս պահի դրությամբ հրապարակված տվյալներով, ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 29 զոհ: Ադրբեջանական կողմն, ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, բացի ռազմական տեխնիկայի կորստից ունի 300-ին ավելի զոհեր: Բաքվի տեղեկությունները սեփական կորուստների մասին, ըստ հայկական կողմի, խիստ նվազեցված են: