23.11.2024
prev Նախորդ նորություն

Օհանյանը համանախագահներին ներկայացրեց ադրբեջանական զինուժի ռազմական հանցագործությունները

Ապրիլի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և հնարավոր զարգացումների քննարկմանը:

Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին: Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առանձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերոսական և հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը և հակառակորդի հետագա գործողությունների կանխումը: Ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգրավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը:

Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը: