Վրաստանի քաղաքական կուսակցությունները միացել են վարքագծի կանոնագրքին, որը մշակել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններից առաջ, հաղորդում է newsgeorgia.ge-ն:
Առաջին կանոնագիրքը ստորագրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Խորհրդարանի փոխխոսնակ Մամուկա Մդինարաձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ այդ կանոնագիրքը վերաբերում է կեղծ լուրերի տարածման կանխմանը, թափանցիկ նախընտրական միջավայրի ապահովմանը, բարձր չափանիշներով ընտրությունների անցկացման երաշխիքներին եւ այլ կարեւոր թեմաների:
««Վրացական երազանք» քաղաքական միավորումը միանում է նշված փաստաթղթին։ Ինչպես գիտեք, ի սկզբանե ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվեցին ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն մեր արևմտյան գործընկերների երեքշաբաթյա աշխատանքի արդյունքում նրանց հաջողվեց պայմանավորվել և պետք է ողջունել, որ իրենց ստորագրությունն էլ կարձանագրվի փաստաթղթում։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին միասին ապահովել իրական կյանքում վարքագծի կանոնագրքում ամրագրված կետերի կատարումը, որպեսզի ստորագրությունները չմնան պարզ ձեւականություն», - ասել է Մդինարաձեն ։
Իսկ սեպտեմբերի 14-ին փաստաթղթին միացել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։
Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, որի գրասենյակում տեղի է ունեցել ստորագրումը, հայտարարել է, որ ընդդիմության աննախադեպ համագործակցությունը շարունակվում է: Նա նաեւ ընդգծել է, որ ընդդիմությունն առանց «Վրացական երազանքի» փաստաթուղթ է ստորագրում:
«Այսօր մենք վարքականոն ենք ստորագրում առանց իշխող կուսակցության, քանի որ հավատալ իրենց պարտավորություններին նշանակում է գայլի հետ համաձայնություն կնքել, որ նա բուսակեր է դառնալու և միս չի ուտելու... ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկայացված վրացական քաղաքական վերնախավին, ընդդիմությանը, այն բանի համար, որ ոչ մի կուսակցություն և առաջնորդ չեն փոխել այն դիրքորոշումը, որին մենք հետևում ենք։ Դա հաղթանակի եւ երկրի ազատագրման ճանապարհն է», - ասել է Նաթելաշվիլին։
Համաձայն վարքագծի կանոնագրքի, որը բաղկացած է չորս գլուխներից, կուսակցությունները ճանաչում են օրենքի գերակայությունը, պարտավորվում են գործել Վրաստանի Սահմանադրության համաձայն, հարգել բոլոր քաղաքական կուսակցությունները, թեկնածուներին եւ ընտրողների իրավունքները, չեն օգտագործի թշնամանքի, այլատյացության կամ սպառնալիքների լեզուն, ամեն կերպ կնպաստեն խաղաղ ընտրական միջավայրին:
Օրենսգրքի առանձին գլուխ նվիրված է կուսակցությունների միջեւ արժանապատիվ եւ ազնիվ մրցակցությանը: