ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասվում է սեպտեմբերի 14-ին համանախագահների տարածած հայտարարության մեջ։
Համանախագահները նախարարներին հրավիրել են առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով իրենց դիրքորոշումները հստակեցնելու նպատակով։
"ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երկուշաբթի ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել Փարիզում", - նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ նրանք ուսումնասիրել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումից հետո տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ ուշադիր ուսումնասիրել եւ գնահատել կողմերի անձնական եւ հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները:
Համանախագահները Կասպրշիկին տեղեկացրել են շփման գծում տիրող իրավիճակի մասին և ողջունել դիտարկման գործունեության վերսկսման նախապատրաստական աշխատանքները: