Վրաստանը COVID-19-ով հիվանդացածների նոր հակառեկորդ է սահմանել
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 165 դեպք: Դա երկրում համաճարակի սկսվելուց ի վեր COVID-19-ով հիվանդացածների նոր ռեկորդային օրական աճն է: Տվյալները թարմացվել են StopCov կառավարական կայքում։
Վերջին օրը չի փոխվել ապաքինված հիվանդների թիվը: Քովիդ-կենտրոններից դուրս է գրվել 1 369 մարդ, հայտնում է newsgeorgia.ge-ն.
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, սակայն, նրա խոսքով, խուճապի պատճառ չկա: "Գլխավորն այն է, որ խուճապի ոչ մի առիթ չկա, քանի որ մենք լիովին կառավարում ենք իրավիճակը, եւ իրավիճակը վերահսկողության տակ է", - ասել է Գահարիան:
Կորոնավիրուսով առաջին վարակվածը հայտնաբերվել է փետրվարի 26-ին։ Այդ ժամանակվանից Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 392 լաբորատոր հաստատված դեպք։ Պանդեմիայի ընթացքում երկրում մահացել է 19 մարդ COVID-19-ից։
Ներկայումս Վրաստանում կարանտինի ռեժիմով մնում է 5 882 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ՝ 390:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ երկրում ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսի թեստավորում է անցել ավելի քան 470,6 հազար մարդ: ՊՇՌ-թեստերի ընդհանուր թիվը գերազանցում է 476 հազարը։