24.11.2024
Ջալալ Հարությունյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
prev Նախորդ նորություն

Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության համար. Մնացականյան

Թուրքիայի գործողությունները խաթարում են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:


Նա խոսել է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության մասին՝ պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի լրագրողի հարցին: Մնացականայնը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. «Միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով»:


«Իհրակե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը:


Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ», - ասել է նա: