ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը և Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղինակել են օրինագիծ, որով 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
«Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան», - ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
«Պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումարի վճարումը որպես քրեական պատասխանատվությունից ազատման հիմք տրամաբանական է, քանի որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին փաստացի փոխարինում է պայմանագրային զինծառայողը, որի նկատմամբ պետությունը կրում է բազմաթիվ պարտավորություններ՝ այդ թվում վարձատրության պարտավորություն և դրա չափով վճարումը որոշակիորեն վերականգնում է սոցիալական արդարությունը:
Նշվածը ամենևին չի նշանակում, որ նպատակը գումարի գանձումն է, Նախագծով ֆիքսվում է գաղափարը և հիմնավորումն առ այն, որ դա ուղղված է առաջին հերթին սոցիալական արդարության վերականգնմանը: Այդ է վկայում նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածում կատարվող լրացումը, որով նախատեսվում է սահմանել, որ քննարկվող գումարը ենթակա է վերադարձման, եթե վճարողը երեք տարվա ընթացքում անցել է պայմանագրային զինվորական ծառայության երկու տարի ժամկետով: Այս պարագայում նպատակը ոչ միայն սոցիալական արդարության վերականգնումն է, այլ նաև անձի վերասոցիալականացումը» - ասված է նախագծի հիմնավորման մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել Զինված ուժերում ծառայության վերաբերյալ նոր օրինագիծ, որն արդեն հասցրել է քննադատների մեծ բանակ հավաքել։ Օրենքի նախագիծը կարգավորում էր մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:
Պատգամավորն առաջարկում է մեխանիզմ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների կարող են պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ և բանակում հատուկ արագացված ընթացակարգով ծառայել 1 ամիս: Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:
Օրինագծում պատգամավորը բացատրել էր, թե ինչ է նշանակում «արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն»՝ զինվորական ծառայություն մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կներկայանա զորահավաքներին: